«Շուրջ հինգ ամիս է անցել հայտնի «բանդայի» վնասազերծումից, սակայն տուժածներից ոչ մեկը հետ չի ստացել իրենից գողացված որևէ ապրանք:
Աժ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Բացարձակապես ոչինչ չկա, ոչ մի փոփոխություն, ասում են՝ դեռ քննություն է ընթանում, ոչ մի տեղեկություն չկա»:
«Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից մեծ աղմուկով վնասազերծվեց «բանդան», ձերբակալվեց 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը, ավելի ուշ կալանավորվեցին: Սակայն մինչ այժմ հանցագործների կողմից գողացված իրերը չկան: Սա նշանակում է, որ կա՛մ նրանք չէին այդ «բանդայի» անդամները, կա՛մ էլ պարզապես ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում գտնել գողոնը:
Երրորդ տարբերակ չկա: Գողոն գտնելը, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը, «ուչաստկովիի» մակարդակի հարց է»: