Եվրոպական միության տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող մարմինները խնդրել են Google ընկերությանը հետաձգել գաղտնիության նոր քաղաքականության գործադրումը, մինչ իրենք կհաստատեն, որ այն չի խախտում միության պաշտպանության օրենքները:
Ինչպես գիտենք, ընկերությունն արդեն հանրային է դարձրել գաղտնիության իր նոր օրենքները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է համացանցային հսկան օգտագործում իր օգտատերերի տվյալները: Նոր օրենքները պետք է գործեին սկսած մարտի մեկից: Այս նոր հայտարարութան պատճառով, սակայն, այդ ամսաթիվն այնքան էլ հստակ չէ այլևս:
Associated Press-ը գրում է, որ Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջին ուղղված նամակում Եվրոպայի 27 երկրներից բաղկացած միության նախագահը գրել է, որ Ֆրանսիայի տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող գործակալությունը սկսել է հատուկ ուսումնասիրություն` պարզելու համար, թե ընկերության նոր քաղաքականությունը ինչպես կազդի ԵՄ-ի օգտատերերի վրա:










































