Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը Գերմանիային ազատել է նացիստների կատարած հանցագործությունների համար փոխհատուցում վճարելու անհրաժեշտությունից: Այս մասին գրում է Spiegel-ը: 2008 թվականին Գերմանիայի կառավարությունը դիմել էր Հաագա, որպեսզի վիճարկեր իտալացիների պահանջը` նացիստների գործողություններից տուժածներին նյութական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Հայցում խոսքը 1943 թվականի սեպտեմբերից մինչև 1945 թվականի մայիս նացիստների կողմից օկուպացված իտալական տարածքներում տեղի ունեցած դեպքերի մասին է:
2008 թվականի նոյեմբերին Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանը բավարարել էր Չիվիտելա գյուղի երկու բնակչի ինը հարազատների պահանջը: 1944 թվականին այդ երկու բնակչին գնդակահարել են նացիստները: Դատարանի վճռի համաձայն՝ Գերմանիայի իշխանությունները իտալացիներին պետք է վճարեին մեկ միլիոն եվրո:
Այս գործընթացին են ներգրավվել նաև հույները, որոնք փորձել են իրենց հարազատների համար փոխհատուցում ստանալ, որոնց նացիստները սպանել էին 1944 թվականի հունիսին հունական Դիստոմո գյուղում: Իտալիան թույլ էր տվել հույներին Գերմանիայի դեմ հայց ներկայացնել իր դատարանների միջոցով:
Գերմանիան հրաժարվել էր վճարել այդ գումարները և դիմել էր Հաագա, որպեսզի ստուգեր, արդյոք այդ դատական գործընթացը համապատասխանո՞ւմ է միջազգային իրավունքի նորմերին, թե՞ ոչ: Գերմանիայի կառավարությունը խնդրել էր պարզել՝ արդյոք անհատը կարո՞ղ է իր երկրում դատի տալ մեկ այլ երկրի: ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճիռ էր կայացրել Գերմանիայի օգտին: Վերջնական վճիռը հրապարակվել է դատարանի կայքում:
Նախկինում Իտալիան փորձել է վիճարկել գերմանական կողմի գործողությունները, սակայն պատասխան հայցը մերժվել է 2010 թվականի հուլիսին: Իտալիայի իշխանությունները փորձել են ապացուցել, որ այս դեպքում խոսքը վերաբերում է մարդկության դեմ հացագործությանը, և այդ դեպքում Գերմանիան չի կարող թաքնվել պետական անձեռնմխելիության հետևում:








































