Սիրիայում ներքաղաքական անորոշ վիճակը սպառնալի է նաև հայկական համայնքի համար: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում խոսեցին արաբագետ Սուրեն Մանուկյանը եւ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Վերջին օրերին Սիրիայում արդեն երկու ահաբեկչական գործողություն է իրականացվել, որոնց զոհ է գնացել շուրջ հարյուր մարդ: Կապված Սիրիայի ներքաղաքական վիճակի հետ` հայկական համայնքից նկատվում է արտահոսք դեպի Լիբանան»,- նշեց Սուրեն Մանուկյանը: Նա ավելացրեց, որ Լիբանանի և Սիրիայի հայկական համայնքները մերձավորարևելյան մեր ամենաամուր համայնքներն են, որոնք կորցնելու դեպքում կկորցնենք այդտեղ ձևավորված մշակույթի զգալի մասը:
Թուրքագետի կարծիքով` հայերի շրջանում խուճապը ավելի քիչ կլիներ, եթե չլիներ Թուրքիայի գործողությունը. «Սիրիահայերը Եղեռնից փրկվածների հաջորդներ են, նրանք վախենում են, որ պատմությունը կարող է կրկնվել»: Թուրքագետը նաև նշեց, որ Թուրքիան փորձեց մահակի դեր խաղալ, սակայն դարձավ գործիք` Եվրոպայի ձեռքին:
Սիրիայում զարգացող իրադարձություններում Ռուսաստանն ամեն կերպ պաշտպանում է Սիրիային և աշխատում է կայունացնել վիճակը: Արաբագետի կարծիքով` Սերգեյ Լավրովը տասն օր առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը առավելագույնը կարող է չմասնակցել Սիրիայի հանդեպ հաշվեհարդարին:
Երկու բանախոսներն էլ այն կարծիքը հայտնեցին, որ մեկից երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի հարցը կլուծվի: Արաբագետի կարծիքով` Ռուսաստանին կստիպեն վետո դնել , դրանից հետո ՄԱԿ-ը կհրաժարվի այս խնդրից և Արաբական պետությունների լիգային ազատ գործելու հնարավորություն կտրվի:







































