Սիթքոմների դերասանուհի Ռոզանա Բառը իր փաստաթղթերն է ներկայացրել Կանաչների կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածությունն առաջադրելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Բառի խոսքերով, ոչ Հանրապետական, ոչ Դեմոկրատական կուսակցությունները ԱՄՆ ժողովրդի համար ոչ մի լավ բան չեն անում, իսկ ինքը կարող է իրավիճակը շտկել, եթե դառնա ԱՄՆ նախագահ:
«Դեմոկրատները և հանրապետականները գնված են, նրանց վճարում են ֆինանսական բրոքերները: Նրանք վստահեցնում են, որ ներկայացնում են հասարակ մարդկանց շահերը, սակայն իրականում հոգ են տանում նրանց մասին, ովքեր վճարում են ավելի շատ: Ինձ գնել չի հաջողվի»,- մեջբերում է The Times-ը Բառի խոսքերը:
Իր նախընտրական ծրագրի մի քանի դրույթները դերասանուհին հրապարակել է Twitte-ում: Մասնավորապես, եթե հաղթի նախագահական ընտրություններում, նա խոստանում է բարեփոխումներ անցկացնել առողջապահության ոլորտում:
Դերասանուհին վստահ է, որ իրեն չի հաջողվի ոչ միայն դառնալ երկրի նախագահ, այլև առաջադրվել կանաչների կողմից: «Ես գրեթե վստահ եմ, որ առաջադրելու են Ջիլ Սթեյնին, և ես աջակցելու եմ նրան, սակայն մինչ այդ ես կպայքարեմ»,- գրել է դերասանուհին իր միկրոբլոգում:








































