Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ քաղաքապետն ընդգծել է, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությունն ու այդ համատեքստում ձևավորված ավանդույթները վստահաբար հիմք են հանդիսանում բարեկամ երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի զարգացման և ընդլայնման համար։
Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման առաջնահերթությունները՝ Տ. Մարգարյանն ընդգծել է, որ Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մշակութային, կրթական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում։ Քաղաքապետը կարևորել է նաև փորձի փոխանակումը տեղական ինքնակառավարման բնագավառում։
Դեսպան Շարմանաշվիլին քաղաքապետին վստահեցրել է, որ իր կողմից կանի հնարավորը՝ օժանդակելու Երևանի և վրացական քաղաքների համատեղ ծրագրերին, ինչպես նաև գործարար հետաքրքրություն ներկայացնող նախագծերին աջակցելու ուղղությամբ։