«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցը, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։
Ըստ կենտրոնի վերլուծաբանների` Եվրամիության արտաքին քաղաքականությունը 2011թ. ձախողվել է մի շարք ուղղություններով։
Դրանք են` Չինաստանում մարդու իրավունքների ապահովումը, Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, Հյուսիսային Կովկասում կայունությունը և մարդու իրավունքները, Ռուսաստանում սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, ԱՄՆ-ի հետ կապը Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում և այլն։
Այդ և մի շարք ուրիշ խնդիրների շարքում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Վերլուծաբանները նշում են, որ հայ-ադրբեջանական լարվածությունը 2011թ. շարունակել է աճել, ինչը ավելացրել է պատահմամբ պատերազմի բռնկման հավանականությունը։
Ի տարբերություն Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների` Ղարաբաղի հարցում Եվրամիությունը լուրջ լծակ չունի։
Եվրամիությունը` որպես կառույց, ներկայացված չէ բանակցային գործընթացում, դրանում ներգրավված է Ֆրանսիան, որը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համանախագահում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում։
Այն անցած տարի մի քանի հանդիպում է անցկացրել, սակայն բանակցային գործընթացում առանցքային դերակատարը Ռուսաստանն էր։ Բայց այդ երկրի նախագահի նախաձեռնությամբ էլ 2011-ի փետրվարին, մարտին և հունիսին եռակողմ ձևաչափով տեղի ունեցած հանդիպումները առաջընթաց չեն գրանցել։
Վերլուծաբանները նշում են, որ թե՛ Եվրամիությունը որպես կառույց, թե՛ Եվրամիության առանձին երկրները Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում փորձում են խուսափել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումից։
Եվրամիությունը չի կարողացել նաև այս հարցով անհրաժեշտ քննարկումներ անցկացնել առանցքային դերակատարներ Թուրքիայի և Ռուսաստանի հետ։
Այսպիսով, «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» վերլուծական կենտրոնը C – է գնահատել Եվրամիության ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։
Վերլուծաբանները պարզաբանել են գնահատականին կից տրված թվանշանները`«Միասնության» համար` 5 հնարավոր միավորից` 2։
«Միասնությունը» անվանակարգ է, որով գնահատվում է, թե որքանով են միասնական գործել տվյալ հարցում Եվրամիության 27 պետությունները։ Գնահատականը բացասական է, 2-ը նշանակում է, որ պետությունների մոտեցումներն էապես տարբերվել են։
«Ռեսուրսներ» անվանակարգում, որը ցույց է տալիս, թե որքան ջանք է գործադրվել, նույն բացասական գնահատականն է` 5 հնարավորից` 2։ Սա նշանակում է, որ Եվրամիությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրել։
Երրորդ անվանակարգը «Արդյունքն» է, 10 հնարավորից` 2, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում Եվրոպական միությունը 2011թ. ընթացքում որևէ արդյունքի չի հասել։











































