Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է կայացրել Հայաստանում ստեղծել առաջին ազատ տնտեսական գոտին: Այն կլինի «Մարս» գործարանի տարածքում: Հիշեցնենք, որ «Մարս» գործարանը մեկն է այն ձեռնարկություններից, որոնք «գույք պարտքի դիմաց» ծրագրով տրվեցին Ռուսաստանին:
Եթե գոնե ազատ տնտեսական գոտու տեսքով որևէ կերպ պետք է Հայաստանը շահի այդ գործարքից, որի ձեռնարկությունները մինչև այսօր շարունակում են մնալ պարապուրդի մատնված, ապա էլի բան է: Սակայն հատկանշական է, որ երբ երեկ հայտարարվեց ազատ տնտեսական առաջին գոտին ձևավորելու մասին, հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանը հերթական խոշոր գնումն է կատարել Հայաստանի տնտեսությունում, ձեռք բերելով երկրի օպտիկամանրաթելային մալուխի ցանցը: «Ռոստելեկոմ» ընկերությունը դարձել է այդ ցանցի սեփականատերը` տնօրինելով 75 տոկոս -1 բաժնետոմս ծավալով:
Այսինքն` Հայաստանի ևս մի ռազմավարական նշանակության ենթակառուցվածք անցնում է ռուսական կապիտալի ենթակայության տակ: Եվ շատ հատկանշական է, որ սա տեղի է ունենում Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին տեղեկատվությանը զուգահեռ: Եվ հատկանշական է նաև, որ անգամ այդ ազատ տնտեսական գոտին ստեղծվում է, այսպես ասած, ռուսական կապիտալի տարածքում: Այսինքն` իրավիճակը իրականում բավական զավեշտալի է այն առումով, որ չի կարող ազատ տնտեսական գոտի լինել և էֆեկտիվ արդյունք տալ մի տնտեսական տարածությունում, որն իրականում ինքը` որպես տնտեսական ամբողջություն, ազատ չէ և կամ կախված է տեղի կլանաօլիգարխիկ կապիտալից, կամ էլ գլոբալ առումով գտնվում է ռուսական պետական և մասնավոր կապիտալի գերակայության տիրույթում:
Հայաստանի տնտեսությունը ազատ չէ, որովհետև ազատ լինելու համար պետք է դիվերսիֆիկացված լինեն ենթակառուցվածքները իրենց սեփականատերերի կամ կառավարիչների առումով, իսկ Հայաստանում դրանք գրեթե լիակատար տնօրինության են հանձնվել Ռուսաստանին: Այսինքն` Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի ձեռքին է, և ինչքան ուզում է իշխանությունն ազատ տնտեսական գոտի ստեղծի երկրում, միևնույն է, այդ ամենի արդյունքը կամ զրոյական է լինելու ընդհանրապես, կամ Ռուսաստանն է որոշելու, թե արդյունքից ինչքան է պետք բաժին հանել Հայաստանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի







































