Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարվա օգոստոսից մինչև այս տարվա հունվարի 10-ը Կոպենհագենի քաղաքային դատարանը թուրքական կողմի պահանջով դիտարկել է Դանիայից հեռարձակվող Roj TV հեռուստաալիքի հարցը:
Թուրքական կողմը պնդում էր, որ Roj TV-ն գտնվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) վերահսկողության տակ: Դանիական դատարանն ի վերջո համաձայնել է թուրքական կողմի այդ պնդման հետ, սակայն հետ չի վերցրել հեռարձակման արտոնագիրը:
Դանիայի խոշորագույն բանկ հանդիսացող Danske բանկն իր հերթին վճռել է սառեցնել Roj TV-ի հաշիվները:
Հիշեցնենք, որ Դանիան տվյալ հեռուստաալիքին հեռարձակման արտոնագիր է տվել դեռևս 2004 թվականին։ Դանիայի տարածքից այն հեռարձակվում է աշխարհի 68 երկրներում, թեև սեփական հեռուստաստուդիա չունի։
Կոպենհագենի քաղաքային դատարանը հետ չէր վերցրել Roj TV հեռուստաալիքին հատկացված հեռարձակման արտոնագիրը և որոշել էր սահմանափակվել 400,000 եվրո (ըստ Reuters-ի՝ 22,000 դոլար, ինչը հավասար է 130,000 դանիական կրոնի) տուգանքի նշանակմամբ։









































