Վաղը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ս. Թադևոսյանի նախագահությամբ, տեղի կունենա «Ամերիաբանկ»-ի միջնորդության քննարկումը՝ «Հայաստան» հանրախանութի խնդրի հետ կապված:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյանը:
Նա հիշեցրեց, որ դատավորը որոշում էր կայացրել հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, որով Փայլակ Հայրապետյանին չէին կարող խոչընդոտել տիրապետել իր տարածքը, սակայն «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել դատարան նախկինում կիրառած հայցի ապահովումը վերացնելու համար:
«Դատավորի որոշմամբ, մենք կարող էինք մտնել տարածք և այն օգտագործել: Բանկի ներկայացուցիչները պնդում են, որ այդ որոշումն անհիմն է: Վաղը դատարանում տեղի է ունենալու միջնորդության քննարկումը, որը մեր կողմից կառարկվի»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ փաստացի իրավիճակը դեռ չի փոխվել, բանկը շարունակում է տիրապետել «Հայաստան» հանրախանութի գույքի մի մասը՝ թույլ չտալով, որ այն տիրապետի Փայլակ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ»-ը դեռ հունվարի 25-ից իր տիրապետման տակ է վերցրել իր մոտ գրավադրված «Հայաստան» հանրախանութի տարածքի մի մասը: Հետագայում դատարանի որոշել էր, որ բանկի ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն հանրախանութի սեփականատիրոջը, որպեսզի նա տիրապետի իր տարածքը: Սակայն բանկի ներկայացուցիչները հրաժարվել էին դատարանի որոշումը կատարել:











































