Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ ՑԱԽԱԼ-ի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ավիվ Կոհավին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է հարստացված ուրանի այնպիսի պաշար, որը կարող է օգտագործվել 4 ատոմային ռումբերի արտադրության համար:
«Երբ Իրանը կվճռի ուրանի հարստացումը հասցնել զենքի արտադրության համար ահրաժեշտ մակարդակի, ապա Իրանից 4 միջուկային ռումբի բազայի ստեղծումը կպահանջի 1 տարի: Եվս 1-2 տարի կպահանջվի միջուկային մարտագլխիկների արտադրության համար, որոնք կարող են տեղադրվել բալիստիկ հրթիռների վրա:
Թեհրանն արդեն իսկ տիրապետում է մինչև 3.5 տոկոս հարստացված 4 տոննա ուրանի, ինչպես նաև մինչև 20 տոկոս հարստացված 100 կիլոգրամ ուրանի: Միջուկային ռումբ ստեղծելու Իրանի դրդապատճառները հասկանալի են. Իրանը ձգտում է գերիշխող դիրք գրավել տարածաշրջանում և դառնալ միջազգային արենայի խաղացող:
Իրանը վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, սակայն մեր հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի ստեղծման մշակումները: Ներկայումս Իսրայելի դեմ ուղղված է 200,000 հրթիռ, որոնք գտնվում են նրա թշնամիների ձեռքում և ունակ են հարվածելու Իսրայելի բոլոր շրջաններին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական կողմը սպառնացել էր Իսրայելի կողմից հարված ստանալու դեպքում 150,000 հրթիռ ուղղել Իսրայելի վրա:











































