2011-ն ամփոփվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի և դրանց հետևանքների աճով: Հանրապետությունում արձանագրվել է 2319 ավտովթար, որի հետևանքով զոհվել է 327 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 3354-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ հավելելով, որ
2010թ. համեմատությամբ պատահարների թիվն աճել է 345-ով, զոհերի թիվը` 33-ով, վիրավորների թիվը` 684-ով:
Պատահարների աճի գրեթե կեսից ավելին տեղի է ունեցել ի հաշիվ Երևանում տեղի ունեցած պատահարների, սակայն տեսախցիկների տեղադրումից հետո, Նորիկ Սարգսյանի համոզմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է:Մասնավորապես` 2011-ի հունվար ամսվա համեմատ պատահարների թիվը նվազել է, և մոտ ապագայում ևս 15 խաչմերուկներում կտեղադրվեն տեսախցիկներ և 50 արագաչափ սարքեր:
Այնուհանդերձ, ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը նկատում է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ են գրանցվում նման քանակի ճանապարհատրանսպորտային պատահարներ: Սա պայմանավորված է և՛ մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների ներմուծմամբ, քանի որ միայն 2010-2011թթ. ՀՀ ճանապարհատրանսպորտային միջոցների պարկը թարմացվել է մոտ 50 հազար եվրոպական արագընթաց տրանսպորտային միջոցներով, և՛ ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ, քանի որ այս դեպքում ոչ մի պատահար դուրս չի մնում պետական հաշվառումից:
Նշենք, որ 2011թ. մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 232 պատահար, որի հետևանքով զոհվել է 8, մարմնական վնասվածք ստացել՝ 246 երեխա:
Խոսելով մազի համար նախատեսված լաքի օգնությամբ ավտոմեքենայի պետհամարանիշը թաքցնելու վերաբերյալ վարորդների շրջանում տարածված թյուր կարծիքի մասին` Ճանապարհապարեկային ծառայության պետը հավաստիացրեց, որ լաքը չի նպաստում համարը թաքցնելուն:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը անդրադարձավ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանի դատավարությանը: Նա մասնավորապես նշեց՝ թեև կանխատեսումներ չի ուզում անել ու գտնում է, որ դատարանն արդար ու անկողմնակալ որոշում կկայացնի, ամեն դեպքում կարծում է, որ Մարգար Օհանյանն անմեղ է:








































