Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելը հայտարարել է Բեռլինում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների կարգավիճակի բարձրացման մասին: Ինչպես գրում է DW-WORLD-ը, փետրվարի 1-ին Ռամալա կատարած այցելության ժամանակ նախարարը հայտարարել է, որ Գերմանիայում Պաղեստինի ներկայացուցիչները 2012 թվականի հունվարի 1-ից ճանաչվում են որպես դիվանագիտական առաքելություն, որը մեկ աստիճան ներքև է դեսպանությունից: Նախկինում նմանատիպ որոշումը կայացրել էին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
Ընդ որում, Գերմանիան, նախկինի պես հրաժարվում է ճանաչել Պաղեստինի ինքնավարությունը որպես անկախ պետություն: Միջազգային իրավունքի համաձայն, պաղեստինցիները Բեռլինում կկարողանան դեսպանատուն բացել այն դեպքում, եթե Գերմանիան ճանաչի նրանց անկախությունը:
Այնուամենայնիվ, հանդիպման ժամանակ Պաղեստին ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` դիվանագիտական կարգավիճակը բարձրացնելու համար:
Բացի դրանից, Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ 2012 թվաականին Գերմանիան 11 միլիոն եվրո է տրամադրելու ՄԱԿ ստորաբաժանմանը, որը զբաղվում է պաղեստինցի փախստականների հարցերով: Գերմանիայի ԱԳ նախարարի հետ աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած էկենոմիկայի նախարար Դիրկ Նիբելն իր հերթին խոստացել է հինգ միլիոն եվրո հատկացնել պաղեստինյան տարածքներում կոյուղու խողովակներ կառուցելուն:











































