Գյումրիի «Շիրակ»-ի սեփականատեր և նախագահ Արման Սահակյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է ՀՖՖ որոշման մասին: Հիշեցնենք, որ ՀՖՖ մարզումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է, որ Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում` ապրիլի 29-ին:
– Շատ հաճելի է, որ ՀՖՖ-ն մեզ վստահել է անցկացնել այդ մակարդակի հանդիպում: Դա շատ պարտավորեցնող է և մեծ պատասխանատվություն է մեզ համար: Մենք շատ հպարտ ենք, որ հնարավորություն ունենք Գյումրիում ընդունել Գավաթի եզրափակիչը, քանի որ հայկական ֆուտբոլի 20-ամյա պատմության մեջ սա առաջին անգամն է, և գյումրեցի ֆուտբոլասերների համար մեծ նվեր է, որը, համոզված եմ, մեծ ուրախություն կպատճառի նրանց:
Մեր ֆուտբոլիստների վրա էլ պատասխանտվություն է դրված այժմ. նրանք պետք է ջանք չխնայեն, որպեսզի սեփական հարկի տակ խաղան Գավաթի եզրափակիչում: Եվ եթե մենք կարողանանք լավ անցկացնել Գավաթի եզրափակիչը, ապա համոզված եմ, որ մեզ կվստահվի կազմակերպել ավելի բարձր մակարդակի մրցաշարեր և խաղեր, ինչպիսիք են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների ելույթները:
– Մոտ մեկ ամիս առաջ Դուք Facebook-ի և Twitter-ի ձեր էջերում գրել էիք, որ Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Միկա»-ի հետ անցկացնելու եք սեփական հարկի տակ…
– Այո, ես կարծիք էի հայտնել, որ ցանկացած եղանակային պայմաններում մենք խաղալու ենք Գյումրիում: Եվ քանի որ երեկ պարզ դարձավ, որ մենք ընդունելու ենք եզրափակիչը, ապա, որպեսզի չվնասենք խոտածածկը և կարողանանք պատշաճ կերպով անցկացնել եզրափակիչը, մենք «Միկա»-ի հետ մարտի 18-ին կխաղանք կրկին Իջևանի «Արնար» մարզադաշտում:
– Ո՞ր փուլում է այժմ «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցումը:
– Խոտածածկն արդեն իսկ պատրաստ է, այժմ վերակառուցվում է վարչական շենքը, որը լիովին պատրաստ կլինի մինչև եզրափակիչ հանդիպումը:
– Նախատեսո՞ւմ եք մարզադաշտի հանդիսավոր բացման արարողություն:
– Այո, իհարկե: Գյումրու վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հենց ապրիլի 29-ին՝ եզրափակիչ հանդիպումից առաջ: