Հասկանալի է, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ քննարկումներ սկսելու հարցում ուշացել ենք: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Միաժամանակ, խնդիր չեմ տեսնում, որ այս հարցի շուրջ քննարկումներ լինեն: Նաև չեմ ուզում շտապել` քննարկումների ելքը կանխորոշելով»,- ասաց նա:
Անդրադառնալով նախօրեին նախագահական նստավայրում տեղի ունեցած կոալիցիոն հանդիպմանը` Վարդան Բոստանջյանը նշեց. «Հանդիպման մանրամասներին ծանոթ չեմ, սակայն քննարկվել են ոչ միայն նախընտրական շրջանում կուսակցությունների միջև լարվածության թուլացման, այլ նաև այդ ժամանակահատվածին բնորոշ հարցեր, օրինակ՝ արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հարցը:
Բնական է, որ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի միջև կարող է լինել լարվածություն, սակայն դրանից չպետք է մեծ բան սարքել: Միաժամանակ, ԲՀԿ-ի հանդեպ հետապնդումներ չկան: Ո՞նց կարելի է, որ մի ընտանիքում դեբատներ, քննարկումներ չլինեն»,- հարց հնչեցրեց նա:
Ամփոփելով` Վարդան Բոստանջյանը ընդգծեց` ընտրությունները ցույց կտան` ով կլինի ֆավորիտը: «Եթե ՀՀԿ-ն ասում է, որ ինքն է լինելու խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը, ապա ես էլ կարող եմ ասել` ԲՀԿ-ն է լինելու: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ինչ խոսք, աշխատում է վատագույն դեպքում պահպանել այն դիրքերը, որոնք զբաղեցնում է մինչ ընտրությունների պահը»,- նկատեց խորհրդարանականը:









































