GHN-ի հաղորդմամբ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան նշել է, որ 2011 թվականին Վրաստանը ամենաիրական ներդրումները կունենա Ադրբեջանից և Թուրքիայից: «Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին, ապա պետք է իրատես լինենք: Ամենաիրական ներդրումներն այժմ և 2011 թվականին կստացվեն Ադրբեջանից և Թուրքիայից: Այդ երկրները մեր առաջին առևտրական գործընկերներն են»,- ասել է Կոբալիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ներդրումներ կատարելու հարցում մեծ է հետաքրքրությունը նաև Իսրայելի կողմից: «Բացի այդ երկրներից մենք ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատում ենք Եվրոպայի երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Կանադայի հետ»,- նշել է նա:
Անդրադառնալով 2011-ի տնտեսական առաջնահերթություններին՝ նախարարը նշել է, որ դրանք կմնան նույնը, սակայն առանձնակի ուշադրություն կդարձվի տարածաշրջանային գյուղատնտեսության զարգացմանը: Հաջորդ տարի նախարարությունը ծրագրում է ակտիվացնել ծովային, ցամաքային ու օդային տրանսպորտի զարգացումը: