Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը «ձգտում» է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ իրավաբանորեն հիմնավորված տարբերակին՝ խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Վերջինս նշել է. «Երևանը ժամանակ է ձգում և փորձում է ֆիքսել ստատուս քվոն: Մինչդեռ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և կոնկրետ: «Հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնագիրը քաղաքական լուծման մեթոդ է: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, դա կարող է տևել տարիներ և անգամ տասնամյակներ»:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հուլիսի կեսերին ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը նկատել էր. «Ադրբեջանի ներկայիս գործողություններում նշմարվում է ինչ-որ տրամաբանություն՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Բաքուն փորձում է դուրս գալ «մադրիդյան թակարդից», քանի որ այդ ճանապարհին առաջին քայլը հանգեցնում է քաղաքական-դիվանագիտական գործընթացի փլուզմանը, որի ելքն ավարտվում է Ղարաբաղի անկախության ճանաչմամբ։
Այստեղից էլ ի հայտ է գալիս դեռևս չհամաձայնեցված դետալներ ունեցող «հիմնարար սկզբունքների» վրա տարվող աշխատանքները խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներով փոխարինելու Բաքվի փորձը»։








































