Արդեն ավանդաբար Լոս Անջելեսում ներկայացված օտարերկրյա դիվանագետների ամենամյա հավաքը կազմակերպվում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հարկի տակ:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այս տարի հավաքին մասնակցել են մոտ հինգ տասնյակ երկիր ներկայացնող դիվանագետներ:
Հանդիպմանը քննարկվել են առաջիկա տարվա անելիքները, գործակցության հնարավոր եզրերն ու ընդհանուր անելիքները` կապված Լոս Անջելեսում ապրող բազմազգ բնակիչների մշակութային երկխոսության զարգացումը խթանող ծրագրերի հետ:
Հյուպատոսական հերթական հավաքի պատվավոր հյուրն ԱՄՆ նավատորմի նախկին հրամանատար Փոլ Իգնատիուսն էր: Անմիջական մթնոլորտում նա օտարերկրյա դիվանագետների հետ խոսեց աշխարհաքաղաքական նախկին և ներկա իրողություններին առնչվող թեմաների մասին:
Դիվանագիտական համայնքի մասնակիցներն ողջունեցին Լոս Անջելեսում դիվանագիտական աշխատանքի անցած նոր գործընկերներին, ովքեր հավատարմագրվեցին Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսում:









































