Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական կինոյի ամենաթանկարժեք ֆիլմը համարվող «Ֆաթիհ 1453» ֆիլմը պատրաստ է ներկայանալ աշխարհին: Ֆիլմը նվիրված է 1453 թվականին օսմանյան թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի գրավմանը:
Այժմ այդ ֆիլմը պետք է ցուցադրվի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Ավստրիայում, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Թաիլանդում, Հոնգկոնգում և այլ երկրներում: Ֆիլմը թարգմանվելու է նաև գերմաներեն:
Ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են 3 տարի: Ֆիլմի բյուջեն կազմել է 17 միլիոն դոլար, որից 12 միլիոն դոլարը ծախսվել է պատերազմական տեսարանների նկարահանման վրա:
Հիշեցնենք, որ Կոստանդնուպոլսի պաշարումը տևել է ապրիլի 5-ից մինչև մայիսի 29-ը, երբ քաղաքն ընկավ թուրքական 160,000-անոց բանակի գրոհների ներքո: Մայիսի 30-ի առավոտյան թուրք սուլթան Մեհմեդ 2-րդ Ֆաթիհը (Նվաճող) հանդիսավոր մտավ քաղաք և հրամայեց Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: