Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում թուրքագետ Լևոն Հովսեփյանն անդրադարձավ վերջերս Թուրքիայի արած հայտարարություններին` նշելով, որ դրանք Թուրքիայի հուսահատ քայլերն են. «Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը հասկանում են Թուրքիայի ներուժը, նրա համար գծված են սահմաններ, որոնք նա իրավունք չունի անցնելու»:
Խոսելով Թուրքիայի հայտարարությունների մասին՝ թուրքագետն ասաց, որ սրանք էժանագին քայլեր են, որոնք կվնասեն առաջին հերթին Թուրքիային. «Ֆրանսիայի Սենատի որոշումից հետո Թուրքիան սպառնացել է նաև Հայաստանին: Սա հնարավոր է՝ ազդի ներգաղթյալների վրա: Ինչպես հիշում եք, Թուրքիան սպառնացել էր իր երկրում գտնվող հարյուր հազար հայ ներգաղթյալների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ»:
Թուրքագետը նաև անդրադարձավ Սիրիայի և Իրանի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը: Ըստ նրա` Թուրքիան երկակի խաղ է խաղում, մի կողմից՝ չի ուզում թշնամանալ Արևմուտքի հետ, մյուս կողմից` այս երկու երկրների. « Հնարավոր են վրիպումներ, որոնք վտանգավոր կլինեն Թուրքիայի համար»:
Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասում Թուրքիայի դերին, ապա թուրքագետն ասաց, որ դեռևս 2004-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը նշել էր, որ Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը Հյուսիսային Կովկասում, իսկ 2008-ի վրաց-օսական պատերազմի ժամանակ Վրաստանի սպառազինության գլխավոր աղբյուրը Թուրքիան էր:











































