Հայաստանում ընդհանուր քաղաքական իրավիճակը կարելի է գնահատել որպես սպասողական: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«ԱԻՄ-ը որոշել է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին: Ընդ որում, դաշինքի թեման դեռ փակված չէ, և դաշինք կազմելու մեր նպատակը խորհրդարանում 50+1փաթեթ ստանալն է: Համոզված լինելով, որ հայ ժողովրդի առջև ծառացած գերագույն խնդիրը Հայաստանի քաղաքացիներին երկրի տեր դարձնելն է` Հայաստանում կատարյալ ժողովրդավարություն հաստատելը, և հիշեցնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով ԱԻՄ-ը հանուն այդ ռազմավարական նպատակի ժողովրդավարական դաշինք ստեղծելու կոչ-հրավեր էր ուղարկել Հայաստանի քաղաքական ուժերին, ուզում եմ տեղեկացնել, որ այդ առաջարկը առայսօր պատշաճ արձագանքի չի արժանացել»,- նշեց նա:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ «եթե երկրում չկա ժողովրդավարություն, ուրեմն ունենք Լենին կամ Ստալին»:
«Պատրաստ ենք աշխատել ոչ միայն ՀՀԿ-ի, այլև նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ի հետ, միայն թե նրանք առաջնորդվեն ժողովրդավարական սկզբունքներով: Եթե նրանք ընդունեն մեր ռազմավարական առաջարկը, կարող են դառնալ մեր գործընկերը»,- ասաց ԱԻՄ նախագահը:
Անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հնարավորության թեմային` Պարույր Հայրիկյանն ասաց, որ այդ ընտրակարգը շատ ավելի լավն է: «Մեծամասնական ընտրակարգը պատգամավորության թեկնածուների հանդեպ խտրական վերաբերմունք է ցուցաբերում»,- նշեց նա:
Ամփոփելով` Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ում, վերջին տվյալներով, կա շուրջ 8 հազար մարդ:









































