Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ ավարտել են ամերիկյան և եվրոպական բանկերում պահվող ոսկու պաշարները երկիր վերադարձնելու գործընթացը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Վենեսուելայի Կենտրոնական բանկի նախագահ Նելսոն Մերենտեսի խոսքերով՝ 2011 թ. նոյեմբերից, երբ սկսվեց ոսկու պաշարները երկիր վերադարձնելու գործընթացը, ընդհանուր առմամբ, երկիր է մտել 176 տոննա թանկարժեք մետաղ՝ 9 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Երկիր վերադարձված ոսկին, Մերենտեսի խոսքերով, պահվում է Կենտրոնական բանկում:
Արտասահմանյան բանկերում պահվող ոսկու պաշարները երկիր վերադարձնելու մասին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր դեռ 2011 թ. օգոստոսին: Այդ միջոցառումը, նրա կարծիքով, պետք է պաշտպանի Վենեսուելան ամերիկյան և եվրոպական տնտեսություններում նկատվող հնարավոր խնդիրներից:
Խոսելով ոսկու պաշարները վերադարձնելու մասին՝ Չավեսը հայտարարել էր, որ ԱՄՆ և եվրոպական բանկերում պահվում է 233 տոննա թանկարժեք մետաղ:











































