Billboard ամսագիրը կազմել է երաժշտական ինդուստրիայի ամենաազդեցիկ ներկայացուցիչների ցուցակը: Այն ներառում է 100 անուն: Ցուցակում մեծամասնությունը ոչ թե երաժիշտներ են, այլ գործարարներ: Մասնավորապես՝ երաժշտության բնագավառում ամենաազդեցիկ մարդը Live Nation ընկերության գործադիր տնօրեն Իրվինգ Ազոֆն է. մենեջեր, որը համագործակցում էր Van Halen-ի, The Eagles-ի, Քրիստինա Ագիլերայի և այլ կատարողների հետ: Այս մասին ասվում է Billboard-ի կայքում:
Այդուհանդերձ, ցուցակում հայտնվել են նաև որոշ կատարողներ: Օրինակ՝ 13-րդ հորիզոնականում է ռեպեր Jay-Z-ն` իր կնոջ` Բեյոնսեի հետ: Նրանք ցուցակում տեղ են զբաղեցրել ալբոմների վաճառքի, ինչպես նաև Billboard-200 շքերթում ունեցած հաջողությունների շնորհիվ: Բացի այդ, ցուցակը կազմողները նշում են, որ ամուսինները նաև լավ գործարար են:
U2 խումբը և նրանց մենեջեր Փոլ Մաքգինեսը հայտնվել են 27-րդ հորիզոնականում: Նրանց արժանիքների թվում է 360 Degree շրջագայությունը, որը դարձել է երաժշտության ինդուստրիայի ֆինանսական տեսանկյունից ամենահաջողակ միջոցառումը: Շրջագայության եկամուտը գերազանցել է 736 միլիոն դոլարը:
Ջոն Բոն Ջովին զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը: Ցուցակը կազմողները նշում են, որ նա ոչ միայն հաջողակ կատարող է, այլ նաև Bon Jovi խմբի մենեջերն է:
78-րդ հորիզոնականում հայտնվել է 22-ամյա Թեյլոր Սվիդթը, իսկ 84-րդում` Լեդի Գագան:










































