Լոնդոնի ամառային Օլիմպիադայի կազմակերպիչները հրաժարվել են պաշտոնական անձանց, մամուլի և հովանավորների համար պատվիրված հյուրանոցային համարների մեծ մասից: Համաձայն Լոնդոնի օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի կազմկոմիտեի թարմացված տեղեկությունների` պահանջարկի բացակայության պատճառով 600 հազար պատվերից հանվել է մոտ 120 հազարը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Բրիտանական մամուլն այսօր նշել է, որ կազմակերպիչների «սխալը» հարված է հասցրել Լոնդոնի զբոսաշրջության բիզնեսին: Հյուրանոցային համարների կրճատման հաշվին համարների գների բարձրացումը վախեցրել է մեգապոլիսի այցելուներին:
Խոշորագույն Premium tour զբոսաշրջության օպերատորը չի բացառում, որ իր շրջանառությունը այս տարվա ընթացքում կրճատվելու է մեկ երրորդով: «Մենք ողջունում ենք զբոսաշրջիկներին հարմար գներով տեղավորելը, սակայն մեզանից շատերի համար, ցավոք սրտի, այն տեղի է ունեցել շատ ուշ,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Նեյլ Վուտոնը,- գները չափազանց բարձր էին, այդ պատճառով զբոսաշրջիկները ամառային ճամփորդության համար գերադասեցին այլ վայրեր»:
«Հունվարի վերջին մենք սովորաբար իրացնում ենք մեր ունեցած պատվերների մեկ հինգերորդ մասը: Այս տարի մենք 60 տոկոսով հետ ենք անցած տարվա համեմատ»,- ավելացրել է Վուտոնը:
Լոնդոնում բնակարանների գները Օլիմպիական խաղերի նախաշեմին երեք անգամ թանկացել են:











































