Նյու Յորքի օրենսդրական խորհրդի սենատորն առաջարկել է տուգանել նյույորքյան մետրոյում սնունդ օգտագործելու համար: Այս մասին հաղորդվում է New York One հեռուստաալիքի կայքում:
Սենատոր Բիլ Փերքինսի կարծիքով՝ տուգանքը պետք է կազմի 250 դոլար: Նա հույս ունի այդպիսով պայքարել մետրոյում վխտող առնետների դեմ:
Փերքինսն իր օգնականների հետ հատուկ հարցում է անցկացրել քաղաքի բնակիչների շրջանում: Հարցվածների 87 տոկոսը հայտարարել է, որ առնետներ մետրոյում տեսնում են ամեն օր կամ ամեն շաբաթ: Հարցվածների միայն 1 տոկոսն է հայտարարել, որ երբեք մետրոյում առնետ չի տեսել:
Նահանգում փոխադրամիջոցների հարցերով զբաղվող Metropolitan Transportation Authority, MTA կազմակերպությունն այժմ ուսումնասիրում է օրինագիծը: Վերջինիս հակառակորդները պնդում են, որ անհնար է հսկել մետրոյում սննդի օգտագործումը:










































