Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կապակցությամբ այս տարի բնապահպանության նախարարությունը ծրագրում է իրականացնել 200 հա անտառածածկ տարածքների մաքրում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Արամ Հարությունյանը հայտնեց, որ այդ նպատակով բյուջեից հատկացվելու է 125.4 մլն դրամ:
Լճում էնդեմիկ ձկնատեսակների՝ գեղարքունի և ամառային իշխանի համալրման նպատակով Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 300 հազար հատ մանրաձուկ: Նախարարի խոսքով՝ դրա համար կհատկացվի 60 մլն դրամ: Ա. Հարությունյանը նշեց, որ շարունակվելու են նաև Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքները, ֆինանսավորման ծավալը՝ 7.5 մլն դրամ:
Այս տարի Սևան ազգային պարկի տարածքում կհիմնվի երրորդ հանրային լողափը: Նախարարի խոսքով՝ ծրագիրը հաստատվել է ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհային ծրագրի ազգային ղեկավար կոմիտեի կողմից: Այդ նպատակով հատկացվելու է 47.8 հազար դոլար: Ա. Հարությունյանը նաև հայտնեց, որ անցած տարվա ընթացքում Սևանի 2 հանրային լողափերում հանգստացել են մոտ 100 հազար քաղաքացիներ:








































