Թեղուտում առաջիկա 12 տարիների ընթացքում թույլատրվել է հատել 180 հա անտառ, միաժամանակ շրջակա տարածքներում պետք է կատարվի 400 հա-ի ծառատնկում: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Թեղուտի հետ կապված ընթացակարգերը մինչ այս տեղի են ունեցել օրենքի շրջանակներում:
Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում առաջարկները հիմնականում վերաբերել են օրենսդրական բարեփոխումներին, որոնց ԲՆ-ն ձեռնամուխ է եղել. անցած տարի ընդունվել է «Ընդերքի օրենսգիրք»-ը, ԱԺ-ում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության» օրենքում փոփոխությունների փաթեթը, որում հարցերի հիմնական շարքը վերաբերում է բնակչության իրազեկմանը և այլն:
«Այս օրենսդրության շրջանակներում այդ անհանգստությունները փարատվում են: Կարևոր է պահպանել այն ընթացակարգերը, որոնք թույլատրված են»,- նշեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ուսումնասիրելու են գործընթացը, որպեսզի ծրագիրն աշխատի թույլատրվածի սահմաններում: Ըստ նախարարի՝ մնացած հարցերը պետք է լուծվեն իրավական դաշտում:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյո՞ք այս տարի հանրապետությունում նախատեսվո՞ւմ է անցկացնել անտառների հաշվառում, իրականացնել դրանց լրիվության (ծառերի խտության) գնահատում, և ինչպիսի՞ն է անօրինական ծառահատումների հետ կապված իրադրությունը, Ա. Հարությունյանը պատասխանեց. 2011թ. ընթացքում 3 հազար ծառ է ապօրինի հատվել՝ մինչև 150 մլն դրամ արժողությամբ, ինչի կապակցությամբ կազմվել են արձանագրություններ: Դրանք ուղարկվել են դատախազություն և ոստիկանություն, հարուցվել են քրեական գործեր:
Նախարարը հայտնեց, որ անտառների հաշվառում իրականացնելու է գյուղնախարարությունը, իսկ պահպանվող տարածքների ծավալը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ այն երկրի 12%-ն է, որտեղ իրականացվելու են անտառվերականգնման աշխատանքներ և մի քանի անգամ ավելի անտառներ են հիմնվելու:











































