Անցած տարվա վերջին հաստատվել են ԱՊՊԱ սակագներն ընթացիկ տարվա համար և կարծես դրանք փոփոխություն չեն կրել, թեև շատ մասնագետներ գտնում են, որ ոլորտը գերշահույթներ է ստանում: Մարմինը, որը սակագները որոշում է՝ բաղկացած է 7 հոգուց, որից 3-ն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն են, 1-ը՝ «Աքիլլես» ՀԿ-ի, 1-ը՝ սպառողների միության, 1-ը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության և 1-ը՝ ՀՀ ԿԲ ներկայացուցիչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հատուկ օրենքով այնպես է արված, որ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները լինեն փոքրամասնություն:
«Միտումնավոր ենք արել այնպես, որ ունենանք շահերի բախում, և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները լինեն փոքրամասնություն»,- ասաց նա:
Գ. Մինասյանի խոսքով՝ տարբեր երկրների վիճակագրությունն ասում է, որ 3 տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունների վճարումները գալիս են իրենց կայուն վիճակին: Տարբեր, այդ թվում նաև սպառողների իրավագիտակցության ցածր մակարդակի պատճառով, նրանք 3 տարվա ընթացքում չեն կարողանում օգտվել հասանելիք գումարներից: Այդ ընթացքում է, որ սակագները հնարավոր է լինում ճշգրտել:









































