Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հանդիպմանը խոսք է գնացել «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի հայաստանյան ծրագիրը շարունակելու մասին:
Ռուբինն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,- ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը: ԱՄՆ-ը կարծես թե առաջին անգամ է Հայաստանի իշխանության հետ այդպիսի բաց տեքստով խոսում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը շարունակելու մասին:
Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն ԱՄՆ-ը առաջին անգամ սկսեց իրագործել հինգ տարի առաջ, և հետխորհրդային երկրներից դրանում ներառվեցին միայն Հայաստանն ու Վրաստանը: Ծրագիրը ենթադրում է հնգամյա դրամաշնորհ, որն ուղղվում է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Հայաստանը այդ ծրագրով պետք է ստանար մոտ 235 միլիոն դոլար՝ հինգ տարում, սակայն այդ փողն ամբողջությամբ չտրվեց, քանի որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ը սառեցրեց ծրագրի 70 միլիոն դոլարանոց մի հատված: Բանն այն է, որ ծրագրի իրագործման պայմանները վեցն են և դրանց թվում են տնտեսական արդիականության, նաև քաղաքական արդիականության միտված չափանիշները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, արդարացի կառավարումը:
2008 թվականից հետո Հայաստանն այդ առումով հասկանալիորեն խնդիրներ ունեցավ ԱՄՆ հետ, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչն էլ տհաճ նամակագրություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դեռևս նրա նախագահության ժամկետը չսպառված: Քոչարյանը նույնիսկ հայտարարեց, թե Դանիլովիչին ասել է, որ Հայաստանի համար սարսափելի չէ կորպորացիայի ծրագրի ընդհատումը, միայն թե Հայաստանին թող նախապես ասեն այդ մասին, որ մենք կարողանանք լուծել այդ ծրագրերի հայաստանյան ընթացքի ֆինանսավորման այլ աղբյուր գտնելու հարցը: Բայց հայ-ամերիկյան լարվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ անցավ, իսկ Սերժ Սարգսյանի մասին էլ ԱՄՆ-ը հայտարարեց, թե նա այն նախագահն է, որ պետք է իրենց: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը վերսկսվեց, իհարկե՝ առանց սառեցված 70 միլիոնի, և 2011 թվականին ընդհատվեց:
Հիմա ԱՄՆ-ը, փաստորեն, խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է ընդգրկվել նաև կորպորացիայի ծրագրի երկրորդ մասում, ինչպես Վրաստանը: Սա, իհարկե, որոշակի ավանս է հիշեցնում Հայաստանին՝ խորհրդարանի լավ ընտրության դիմաց: Կասկած չկա, որ եթե այդ ընտրությունը լինի խնդրահարույց, ապա Միացյալ Նահանգները Հայաստանի հետ չի վերսկսի «Հազարամյակի» ծրագիրը: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը կոնկրետ գործարք է առաջարկում Հայաստանի իշխանությանը, կոնկրետ շահագրգռություն, որ եթե ընտրությունն անցնի որակով, ապա Հայաստանը դրանից կարող է տնտեսապես շահել: Այսինքն, այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը պատրաստ է ինչ-որ տեղ ֆինանսավորել լավ ընտրությունը, այսինքն՝ դառնալ այդ ընտրության հովանավորը, իհարկե՝ հեռակա և անուղղակի իմաստով: Իսկ այն, որ Հայաստանի իշխանության համար «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շարունակությունն ունի տնտեսական և նաև քաղաքական ահռելի նշանակություն՝ ակնհայտ է դատելով Հայաստանի տնտեսության ներկայիս, մեղմ ասած, ոչ այնքան մխիթարական վիճակից:
Իհարկե, ցավալի է, որ Հայաստանը իր համար անհրաժեշտ բարեփոխումների հարցում ոչ թե գնում է ինքնակամ իրացման, այլ այդօրինակ գործարքների է փորձում հասնել, երբ կառաջարկվեն շահագրգռության ֆինանսական մեխանիզմներ: Չէ՞ որ իրականում, եթե Հայաստանը առանց այդ ամենի, առանց այդ «բարտերային» պայմանավորվածությունների գնա իրական բարեփոխումների, ապա այդ բարեփոխումների արդյունքը վաղ թե ուշ կլինի այն, որ ներդրումային հոսքերը էապես կավելանան դեպի Հայաստան: Բայց դա, իհարկե, ռազմավարական հեռահար մտածողության արգասիք կարող է լինել, իսկ Հայաստանի իշխանությունը վարժվել է մտածել, այսպես ասած, կանխիկ՝ «նաղդով», և Հայաստանի արևմտյան գործընկերները ստիպված են այդօրինակ հարաբերության մեջ մտնել և ձեռք բերել, այսպես ասած, «բարտերային» պայմանավորվածություն:
Սակայն դա էլ կարելի է համարել, այսպես ասած, չարյաց փոքրագույնը Հայաստանի հասարակության համար, եթե գոնե նման պայմանավորվածությունների արդյունքում լինեն բարեփոխումներ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության հետ, ինչպես ցույց է տալիս փորձը, անգամ նման տարբերակները չեն օգնում արդյունավետ աշխատել և գործը հասցնել իրական լայնածավալ բարեփոխումների: Մյուս կողմից, սակայն, թե՛ հայտարարությունների մակարդակով, թե՛ մասնավոր զրույցների ընթացքում, արևմտյան գործընկերները բավական թափանցիկ ակնարկում են, որ Հայաստանի խորհրդարանի ընտրության հանդեպ ուշադրությունը լինելու է աննախադեպ: Իսկ դա նշանակում է, որ ինչքան ներկայումս շռայլ են Հայաստանին ուղղված տնտեսական մեսիջների և խոստումների մասով, այդքան էլ կարող են խիստ լինել խաբեության պարագայում: Հետևաբար թերևս չարժե, որ Հայաստանի իշխանությունն անհարկի ոգևորվի խոստումներից՝ աչքի առաջ ունենալով դրանք հմտորեն շրջանցելու նախադեպերը: Այդ միամտության հետևանքը կարող է աննախադեպ լինել իրենց համար: Մեծ հաշվով, իրենք իհարկե դեռ մի կողմ՝ թող ընտրեն իրենց ճակատագիրը, իսկ հետո մեղադրեն միայն իրենց, բայց գլխավոր վտանգը և մտահոգությունն այն է, որ իրենց այդ սխալ ընտրության հետևանքի ծանրությունը կարող է իր վրա զգալ Հայաստանը:






































