«Ես ողջունում եմ հասարակական կառույցների գործունեությունը, որոնք փորձում են լուսաբանել բանակում կատարվող դեպքերը, սակայն նրանք պետք է զգուշորեն վերաբերվեն բանակի մասին ցանկացած ինֆորմացիային, քանի որ դրանք կարող են վնասել Հայաստանի ազգային անվտանգությանը»,- ասաց բուլղարացի լրագրող, ռեժիսոր, սցենարիստ ու օպերատոր Ցվետանա Պասկալևան, այսօր հրավիրված ասուլիսում:
«Կան բաներ, որի մասին կարիք չկա խոսել, քանի որ ազերիները դրանք կարող են օգտագործել հայկական բանակի դեմ»,- նշեց Պասկալեւան: Ըստ նրա, երկրի ազգային անվտանգության մասին պետք է խոսեն միայն փորձառու լրագրողները:
Փետրվարի 16-ից Պասկալևան կշրջի Արցախի մասին իր ֆիլմերով: Շրջագայությունը կսկսվի Բուլղարիայից, ապա կշարունակվի Հունաստանում, Փարիզում և Մոսկվայում:
Շրջագայության նպատակն է՝ Ղարաբաղյան պատերազմի մասին իրական պատմությունը ներկայացնել ոչ հայ մարդու կողմից:
Ինչ վերաբերում է իր ֆիլմի ադրբեջանական կողմի արձագանքներին, նա նշեց, որ իր մամլո ասուլիսից անմիջապես հետո նրանք այն բնորոշել են որպես «հայկական կողմի սադրանք»:










































