«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը և ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, ովքեր բանավիճում էին «Նոր քաղաքականություն՝ հին դեմքերո՞վ, թե՞… Ի՞նչ կերպ են պատրաստվում գնալ ընտրությունների ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն» թեմայի շրջանակներում:
Հ. Իգիթյանը նկատեց՝ ավելի ճիշտ է ասել, որ հին ձևերով են փորձում գնալ ընտրությունների, սակայն այն, ինչ կատարվել է չորս տարի առաջ, այլևս հնարավոր չէ կրկնել առաջիկա ընտրություններին.
«Եթե ՀՀԿ-ն սա չի հասկացել և դարձյալ նույն մարդկանցով է փորձում ընտրատարածքներում անցկացնել ընտրություններ, ապա Հայաստանից բան չի մնա` ոչ մարդկային ռեսուրսի, ոչ ֆինանսական առումով»:
Հ. Իգիթյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն չի վստահում իր կոալիցիոն գործընկերներին. «Այսօր որևէ քաղաքական ուժ չի հանդուրժում այն իրավիճակը, որն առկա է»: Դեռ հույս ունե՞ք, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը կկայանա՝ հարցին պատասխանեց. «Խոսքը չի գնում, որ երկու ցուցակ է լինելու` մեկում ՀՀԿ-ն, մյուսում` բոլոր դեմ ուժերը»:
Վարդան Բոստանջյանը նկատեց, որ ոչ ոք իրավունք չունի հայտարարելու, թե ընտրություններում հավաքելու է այսքան ձայն: Ընտրողնե՛րը պետք է որոշեն, թե որքան ձայն են տալիս քաղաքական ուժին:
ԲՀԿ-ական գործիչը նկատեց, որ իրենց ծրագրում դեռ 2007-ից է ամրագրված եղել, որ պետք է անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Հասարակական հնչեղություն ստացած հարցին քաղաքական ուժերը պարտավոր էին արձագանքել, ուստի ԲՀԿ-ն միացավ «Ժառանգության» և Դաշնակցության` լսումներ կազմակերպելու առաջարկին: ԲՀԿ-ն 41 ընտրատարածքներում կառաջադրի իր թեկնածուներին:
Մեծամասնականում կառաջադրի՞ արդյոք ՀԱԿ-ը թեկնածուներ՝ հարցին Հ. Իգիթյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը 18 կուսակցություններից բաղկացած կառույց է, և առայժմ այդ հարցը չի քննարկվել:
Անդրադառնալով ԲՀԿ-ից արտահոսքի թեմային՝ Բոստանջյանը նկատեց, որ ժողովրդի մեջ համոզմունք կա, թե ՀՀԿ-ն փորձ է անում իր կողմը ներքաշել ավելի շատ թվով մարդկանց` օգտագործելով ադմինիստրատիվ գործոնը:
«Մեկ միլիոնանոց վստահության պարագայում մի քսան հոգի այս կողմ-այն կողմ՝ էական չէ»,- նկատեց Բոստանջյանը՝ հավելելով, որ գուցե ճնշումներ կան ԲՀԿ-ի նկատմամբ, որ ինքը չի նկատում:
ՀՀՇ անդամ Անանիկ Նիկողոսյանը չորեքշաբթի օրը թիվ 29 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրեց ինքնաբացարկի դիմում` հրաժարվելով պայքարել Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար:
«Պատճառներից մեկն այն է, որ հնարավոր չէր քարոզարշավը նորմալ ձևով տանել»,- պատճառաբանել էր Նիկողոսյանը: Վերջինս ինքն էր առաջադրել իր թեկնածությունը և դժգոհեց, որ Կոնգրեսն իրեն չէր աջակցում. «Հիմնական ուժերը կենտրոնացրել են Հրազդանում»:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը կենտրոնացնում իր ուժերը Ս. Միքայելյանի նման հեղինակություն ունեցող գործչի համար, երբ նրա հաղթանակը կասկածներ չի հարուցում, մինչդեռ Սպիտակի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն ստիպված է ետ վերցնել իր դիմումը, Հ. Իգիթյանը պատասխանեց՝ չգիտի, թե ինչու է այդպես եղել, և խորհուրդ տվեց հարցն ուղղել ՀԱԿ համակարգողին` այդ հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար:









































