«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոնա Այվազյանը, անդրադառնալով ուսանողական այգու խնդրին, տեղեկացրեց, որ խախտվել են սահմանադրական երկու իրավունք` հանգստի և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը, ինչպես նաև որոշումների ընդունմանը մասնակցության իրավունքը, որը միջազգային պարտավորություն է: Այդ իրավունքների վերականգման համար նախաձեռնությունը երկու անգամ դիմել է վարչական դատարան, և հայցը մերժվել է։ Այժմ դատական հայցը գտնվում է Վճռաբեկ դատարանում:
Այվազյանը նշեց, որ ոտնահարված է նաև տեղեկատվության ազատությունը. «Քաղաքացիները չեն կարող տեղեկություն ստանալ իրենց պատկանող հանրային այգիների վարձակալության և օգտագործման վերաբերյալ: Փակ են նաև Երևանի ավագանու նիստերը, Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի հնարավորություն ունենաք մասնակցելու գոնե քաղաքաշինության վերաբերյալ քննարկումներին, սակայն մերժում ենք ստացել: Սա պարզապես անհեթեթ է»:
Այվազյանի խոսքերով, այսօր կադաստրից այգիների հատակագծեր կամ այլ քարտեզներ ստանալը հազարներ արժե, շատ դեպքերում՝ անտրամաբանական չափերի: