Մայքլ Ջեքսոնի ձեռքերի և ոտքերի հետքերը հունվարի 26-ին հայտնվել են Հոլիվուդում՝ Գրաումանի Չինական թատրոնի դիմաց՝ Փառքի արարհետի վրա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դրանք թողել են հանգուցյալ երգչի երեխաները նրա մարզակոշիկների և հայտնի ձեռնոցի միջոցով: Կողքին երեխաները թողել են սեփական ափերի հետքերը:
Արարողությանը, Ջեքսոնի երեխաներից բացի, մասնակցել են նրա ընտանիքի այլ անդամներ, ինչպես նաև երգիչ Ջասթին Բիբերը և շուրջ 100 հանդիսատես: Նրանց առաջ ելույթ են ունեցել «Դյու Սոլեյ» կրկեսի դերասանները, որոնք հունվարի 27-29-ը Լոս Անջելեսում Ջեքսոնին նվիրված շոու կներկայացնեն:
Փառքի արահետում են շատ հայտնի մարդկանց թողած ձեռնահետքերն և ոտնահետքերը:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսին 51 տարեկանում: Նրա մահվան պատճառը եղել է դեղամիջոցների չարաշահումը: 2011 թ. նոյեմբերին նրա անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ երգչի չկանխամտածված սպանության համար:








































