Սաուդյան Արաբիան և Կատարը պայմանավորվել են Սիրիայի ընդդիմությանը ֆինանսավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Times-ը` վկայակոչելով նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի նշանավոր հակառակորդներից մեկին, որը ցանկացել է անանուն մնալ:
Նրա խոսքերով, ընդդիմության առաջնորդները վերջին օրերին հանդիպումներ են ունեցել Կատարի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Ասադի հակառակորդներին օգնություն տրամադրելու տարբերակները: «Սաուդցիներն ասել են, որ կարող են ամեն ինչով օգնել»,- ասել է նա`խոսելով բանակցությունների արդյունքի մասին:
Նա նաև հավելել է, որ ընդդիմադիրներին այժմ պետք է զենք և զինամթերք, քանի որ նրանք մուտք չունեն դեպի զենքի պահուստներ: Հենց այդ պատճառով ապստամբները միջազգային հանրությունից խնդրում են օտարերկրա վերահսկողության տակ Սիրիայի մի շարք շրջաններում ստեղծել բուֆերային գոտիներ, որտեղ կարող են ազատ զենք մատակարարել` դրանք երկրում հետագայում տարածելու համար:
Պարբերականի աղբյուրը նաև պատմել է, որ արդեն տեսել է թուրքական այդպիսի գոտիներ Սիրիայի հյուսիսում: Բացի այդ, նրա խոսքերով, թուրքական առավել ակտիվ միջամտության պլաններ կան, որոնք վերաբերում են Սիրիայի ռազմական բազաների և օդանավակայանների ռմբակոծություններին:
Մեկ այլ սիրիացի` Սիրիայի պաշտպանության նախարարության նախկին գլխավոր ֆինանսիստ Մահմուդ Հաջ Համադը պարբերականին ասել է, որ կառավարական ուժերը արտասահմանում վարձու դիպուկահարներ են հավաքագրում, որոնք այնուհետև վերահսկողություն են սահմանում ըմբոստ քաղաքներում: Այդ դիպուկահարների մեծամասնությունը պաշտոնապես կոչվում է «ռազմական խորհրդատու» և Սիրիա է գալիս Լիբանանից ու Իրանից: Նրանց գործունեությունը ֆինանսավորում է Իրանը:
Համադի խոսքերով, վարչակարգը ստիպված էր այդ քայլին գնալ, քանի որ Սիրիայում դիպուկահարների պատրաստմանը մեծ ուշադրություն չէր հատկացվում: Այդ է պատճառը, որ այժմ Դամասկոսը չունի բավարար վարժեցված մարդիկ և սարքեր` այս աշխատանքներն իրականացնելու համար:
Ֆինանսիստը նշել է, որ իրավիճակը այսպես երկար չի կարող շարունակվել, քանի որ Սիրիայի տնտեսությունը չի կարող հաղթահարել բեռը և քանդվում է աչքի առաջ: Նրա կարծիքով, ֆինանսական ամբողջական փլուզմանը մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել, քանի որ նույնիսկ իրանցիները չեն կարող օգնել Սիրիայի վարչակարգին. նրանք նույնպես ուժեղ ճնշման են ենթարկվում Արևմուտքի կողմից:









































