Այսօր Սիրիայի մի շարք քաղաքներում անցկացվում են զանգվածային ցույցեր՝ հաջակցություն երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի: Այս մասին հաղորդում է սիրիական պետական հեռուստաալիքը:
Հարյուր հազարավոր մարդիկ վաղ առավոտից դուրս են եկել Դամասկոսի, Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի, Դեյր էլ-Զորի և Հասաքիեի կենտրոնական հրապարակներ՝ իրենց զորակցությունը հայտնելու գործող իշխանություններին: Ցուցարարներն իրենց հետ տանում են Սիրիայի նախագահի նկարներն ու երկրի ազգային դրոշները և դատապարտում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) վերջին որոշումը՝ որպես «Սիրիայի անկախության և ինքնիշխանության կոպիտ խախտում»:
Հիշեցնենք, երկուշաբթի ԱՊԼ-ն հայտարարեց, որ Բաշար Ալ-Ասադը պետք է իր լիազորությունները հանձնի փոխվարչապետին, ձևավորի ազգային միասնության կառավարություն և երկրում անցկացնի ազատ ընտրություններ: Դամասկոսը մերժել է այդ պահանջները:
Այսօրվա ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Սիրիայի դեմ ուղված արտաքին դավադրութան շրջանակներում որոշ արաբական երկրների կողմից տարվող անդադար թշնամական արշավի» դեմ: Նրանք նաև դատապարտում են «զինված ահաբեկչական խմբավորումներին, որոնց գործողությունները սպառնում են Սիրիայի անվտանգությանը, կայունությանը և միասնականությանը»:
Սիրիայում արդեն 10 ամիս շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ընդդիմության միջև: ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ այդ բախումների զոհ են դարձել ավելի քան 2000 ոստիկաններ և իրավապահ մարմինների աշխատակիցներ:






































