Ռուսական իշխանությունները փորձում են աֆրիկյան երկրներից գնել վրացական տարածքների` Աբխազիայի ու Ցխինվալի շրջանների անկախության ճանաչումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ռուսական իշխանություններն արդեն այսօր Աֆրիկայի երկրներում հարյուր միլիոնով որոնում են պետություններ մեր՝ օկուպացված տարածքներում, այսպես կոչված, անկախ պետությունների ճանաչման համար»,- հայտարարել է Սաակաշվիլին` նշելով, որ ոչ մի պատասխանատվություն զգող պետություն չի ընդունել Պուտինի այս պլանը, ու Ռուսաստանը ծիծաղելի է աշխարհի աչքերում` փորձելով հավաքագրել Նաուրուի պես պետություններ:
Նա Ռուսաստանի վարչապետի գործողությունները բնորոշել է որպես «ոչ ադեկվատ» ու նկատել, որ այժմյան ռուսական քաղաքականությունը կարագացնի վրացական տարածքների վերադարձը: «Այդ քաղաքականության շնորհիվ ես վստահ եմ, որ Վրաստանն ավելի վաղ կվերադարձնի իր կորցրած տարածքները, քանի որ Ռուսաստանն առաջնորդվում է այն քաղաքականությամբ, որը նրան հասցրել է փակուղի»,- ընդգծել է Սաակաշվիլին:
2008 թ. օգոստոսին Վրաստանի հետ պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ու տեղական իշխանությունների լեգիտիմությունը: Մոսկվայից հետո ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչեցին Նիկարագուան, Վենեսուելան ու կղզային Նաուրու պետությունը: