Ucom ընկերությունը ոչ միայն առաջարկ չի ստացել ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունից բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ, այլ երբևէ այդ հարցի քննարկում չի եղել: Մամուլում տարածված լուրերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտոնապես հերքեց Ucom-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:
«Հավանաբար թերի տեղեկություն է հասել, կամ ինչ-որ մեկը սխալ է մեկնաբանել: Ոչ միայն մասնակի, այլև ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում դա: Նույն լրատվամիջոցը մի քանի ամիս առաջ էլի ինչ-որ ապատեղեկատվություն էր տարածել, որը կրկին հերքեցինք: Կամ թյուրիմացություն է, կամ ինչ-որ մեկին հետաքրքիր է իր կայքում նյութ դնել ընթերցողներ գավելու համար»,- հայտարարեց Ա. Բարսեղյանը:
Նա նշեց, որ ընկերության վաճառքի խնդիր ընդհանրապես դրված չի, միաժամանակ բացառելով նաև Ucom-ի բաժնետեր Filor Ventures Ltd-ի միջոցով վաճառքը:
Ա. Բարսեղյանը նաև տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն ավարտում է Երևան քաղաքի ծածկույթը, և մտադրություն կա կայքն ամբողջությամբ կարգավորելու. «Ապրիլի վերջին Երևանը կվերջացնենք: Դրանից հետո այս տարվա հիմնական ուղղվածությունը կլինի բաժանորդներին մատուցվող ծառայություններն ավելի որակյալ և հեշտ դարձնելը»:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի համաձայն՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մտադիր է ձեռք բերել հայկական Ucom ինտերնետ-փրովայդերը, որն ունի գրեթե 20 հազար բաժանորդ, զբաղեցնում է շուկայի 11%-ը՝ 2011-ին, նախնական հաշվարկներով, ապահովելով ավելի քան 5 մլն շահույթ:
Թերթը նաև հրապարակել էր, որ «Ռոստելեկոմը» ձեռք է բերելու GNC-Alfa ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` հանած 1 բաժնետոմս:










































