Վաղը`հունվարի 15-ին, տեղի կունենա «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ծրագրած «Արշավ-ակցիան դեպի Թեղուտ»: Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները պայքարում են Թեղուտի անտառներում հանքի շահագործման և Հայաստանի տարածքում ամենամեծ պոչամբարի շահագործման դեմ:
Նախօրեին «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն իրականացնում է հանքի շինարարական աշխատանքները, տարածել էր մի հաղորդագրություն, որում ասվում էր, որ 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կհամարվի ոտնձգություն «Թեղուտ» ՓԲԸ իրավունքների և օրինական շահերի նկատմամբ, և բոլոր հնարավոր մասնակիցներին հորդորել էր զերծ մնալ ապօրինի գործողությունների մասնակցելուց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Մարիամ Սուխուդյանը նշեց, որ քայլարշավ-ակցիան կրում է ճանաչողական բնույթ: «Մենք գնում ենք Թեղուտ՝ տեսնելու մեր անտառները և մեր բնության գրկում լինելու: Ո՞վ կարող է մեզ արգելել: Մենք չենք գնում բռնի գործողություններ և դիմադրություն կազմակերպելու, ինչո՞ւ են այդպիսի հայտարարություններ տարածում»,- ասաց Մարիամ Սուխուդյանը`հավելելով, որ ամեն դեպքում ակցիան կկայանա:
Նա նաև տեղեկացրեց, որ ակցիան արտոնելու խնդրանքով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին: Անդրադառնալով Թեղուտում հանքի շահագործման ազդեցությանը`ասաց, որ Թեղուտի անտառների 95%-ը դեռ պահպանվում է, և ակցիան միտված է հենց այդ տարածքներին: «Այն, ինչ արվել է դա եղունգի վնաս է՝ այն բանի համեմատությամբ, ինչ կարող է լինել»,-մեկնաբանեց Մ. Սուխուդյանը:
Խոսելով ակցիայի մասին`բնապահպան-ակտիվիստն ասաց, որ ակցիային մասնակցելու ցանկությամբ գրանցվել է արդեն 150 մարդ, սակայն Մարիամ Սուխուդյանի համոզմամբ, կան նաև այնպիսիք, որ դեռ չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ վաղը «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բարեկամություն մետրոյից ավտոբուսներով շարժվելու են դեպի Թեղուտ: Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին իրենց հետ վերցնել տաք հագուստ և կանաչ բանդանաներ, թմբուկներ, շեփորներ, շվիներ: Նախատեսվում է նաև 4 կմ քայլարշավ:










































