Տնտեսական ազատությունների ցուցանիշը ուղղակի կապված է այն դժվարությունների հետ, որոնք պայմանավորված են տարբեր բացասական միտումներով, որ գրանցվեցին ՀՀ-ում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Բոլոր դեպքերում, 2011 թ. ընթացքում կարողացանք որոշակի կայունություն արձանագրել, և դա պայմանավորված էր ազատականության որոշակի ինստիտուտներ ավելի զսպելու ճանապարհով և, բնականաբար, կարող էինք 1-2 աստիճան իջնել ներքև, որովհետև տնտեսական ազատականությունը մասնագիտական կտրվածքով լրիվ այլ բան է: Դա նահանջ չի նշանակում»,- հայտարարեց Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) և The Wall Street Journal պարբերականի համատեղ կազմած՝ աշխարհի պետությունների տնտեսական ազատությունների վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 39-րդ տեղը՝ ստանալով 68.8 միավոր, սակայն նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կորցնելով 0.9 միավոր: Heritage-ի մասնագետները կարծում են, որ Հայաստանում վատթարացել է իրավիճակը կոռուպցիայից ազատության, պետական ծախսերի և դրամավարկային քաղաքականության ազատության ոլորտներում:







































