Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել է դատարան` Ստամբուլի հայտնի շինություններից մեկը` «Սանասարյան Հան»-ը հայկական համայնքին վերադարձնելու խնդրով:
Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը` ընդգծելով, որ հայցն աննախադեպ է, և դատարանը արդեն ժամանակավոր կալանք է դրել պատմական շինության վրա` մինչև վերջնական վճռի հրապարակումը:
«19-րդ դարի վերջին կառուցված սպիտակ շենքը բավական մութ ու սև անցյալ ունի»,- փաստում է պարբերականը և մանրամասնում, որ հայերից բռնագրավելուց հետո` Երկրորդ աշխարհամարտի տարիներին, թուրքական իշխանություններն այստեղ տեղակայել են Ստամբուլի ոստիկանությունը, որտեղ բազմաթիվ մարդիկ են բռնության ու կտտանքների ենթարկվել, այդ թվում` մի շարք հեղինակավոր գրողներ և մտավորականներ։
Հետագայում շենքը տրվել է Ստամբուլի տնտեսական դատարանին, որը և այնտեղ մինչ օրս շարունակում է աշխատանքը։
Մինչդեռ Հայոց պատրիարքարանը հույս ունի հետ վերադարձնել գույքը` պնդելով, որ նման իրավունք է տալիս ազգային փոքրամասնությունների հիմնադրամների մասին վերջերս Թուրքիայում ընդունված որոշումը։
«Հայկական կողմը գիտի, որ շենքը իրեն է պատկանում, անհրաժեշտ է ընդամենը պաշտոնապես սա ամրագրել»,- Hurriyet-ին ասել է պատրիարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Իշը և պարզաբանել. «Դեռեւս 1930 թվականին Հայոց պատրիարքարանը դատական հայց է ներկայացրել և հավաստագիր ստացել, որ «Սանասարյան» հիմնադրամի գույքն իրեն է պատկանում։
Այդուամենայնիվ, ավելի ուշ հիմնադրամն ապօրինի ձևով հանվել է Պատրիարքարանի վերահսկողությունից։ Սակայն մենք հույս ունենք, որ կկարողանանք այն հետ վերադարձնել»։
Hurriyet-ը տեղեկացնում է, որ այս շենքից բացի` «Սանասարյան» հիմնադրամին է պատկանել նաև Էրզրումում գտնվող դպրոցը, որտեղ 1919 թվականին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքը անցկացրել է հայտնի Էրզրումի կոնգրեսը և համախմբել ազգայնական ուժերը։
Այդուամենայնիվ, ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, պատրիարքարանում դեռ չեն ասում` մտադի՞ր են արդյոք դատական հայց ներկայացնել նաև այս շինության վերաբերյալ։
Անցած տարվա օգոստոսին Թուրքիայի կառավարությունը որոշում ընդունեց ազգային հիմնադրամներից բռնագրավված ամբողջ ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ, որը երկրում ապրող ազգային փոքրամասնություններին թույլ է տալիս հետ պահանջել 1936թ. հայտարարագրված իրենց ունեցվածքը։










































