ԱՄՆ–ը և Արաբական երկրների Լիգան թույլ չեն տա, որպեսզի Սիրիայի իշխանությունները խուսափեն պատասխանատվությունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Երկու օր առաջ 11 միջազգային դիտորդներ հարձակման են ենթարկվել, որոնցից երկուսը տուժել են: Բացատրություններ տալու փոխարեն՝ Սիրիայի նախագահը ցինիկ կերպով ելույթ է ունեցել՝ կատարվածի մեջ մեղադրելով օտարերկրյա պետություններին»,- ասել է Քլինթոնը՝ Քաթարի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
Պետքարտուղարը նաև նշել է, որ Արաբական երկրների լիգան էական դեր ունի կոնֆլիկտի կարգավորման մեջ, սակայն Լիգայի ներկայացուցիչները չեն կարող անվերջ մնալ երկրում:
«Մենք չենք կարող թույլ տալ Ասադի ռեժիմին խուսափել պատժից: Սիրիացիներն արժանի են իշխանափոխություն իրականացնել խաղաղ ճանապարհով: Մենք հույս ունենք շարունակել մեր համագործակցությունն Արաբական երկրների լիգայի հետ նաև հունվարի 19-ից հետո, երբ դիտորդների առաքելության ժամկետը Սիրիայում կլրանա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Համաձայն ՆԱՏՕ-ի տվյալների՝ Սիրիայում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ:










































