«Պաշտոնեական դիրքս չարաշահելու եմ: Մեր մեջ ասած` այդ նպատակներով շատ եմ չարաշահելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ խոսելով իր դստեր տեսահոլովակում ոստիկանների մասնակցության մասին:
Հարցին` հնարավո՞ր է Կոմայգին երևանցիներին վերադարձվի, Վ.Գասպարյանը հարցով պատասխանեց. «Այսինքն` հիմա մերը չի՞»: Նա նշեց, թե այդ հարցին դեռ չի անդրադարձել, բայց բոլոր ուղղություններով է հրահանգել ակտիվացնել աշխատանքները:
Մամուլում տարածված լուրերի կապակցությամբ, թե Վ. Գասպարյանը իրեն հայհոյելու համար ծեծի է ենթարկել Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորայր Միրզախանյանին՝ «Կառտոլին», ոստիկանապետը հայտարարեց. ««Կառտոլ» մականունով բանջարաբոստանային կուլտուրաների հետ ոչ մի շփում չունեմ: Ոչ թե ասում եմ` ճիշտ չի, այլ հեքիաթ է ու անմտություն: Գասպարյանը ոստիկանապետ է, իսկ «կառտոլը» բանջարաբոստանային կուլտուրա է: Ես չեմ կարող նման բան անել»:
Իր մականվան հետ կապված` Վ. Գասպարյանը բացատրեց ֆիքստուլի, թիթիզի ու լոպազի տարբերությունը ու հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ ինձ կարող է մականուն կպնել: Ինձ մականուն կպցնող չի կարող լինել: Ես մականունավոր մարդ չեմ»:









































