Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով HRANA գործակալությանը, հայտնում է, որ Իրանի խորհրդարանը պլանավորել է ուղղումներ ու հավելումներ մտցնել «Թանկարժեք զարդերի ու արժույթի մաքսանենգության մասին» օրենքում, որի կետերից մեկն առնչվում է պարաբոլիկ ալեհավաքների գործածմանը։
Այդ ուղղումներով նախատեսվում է խստացնել պարաբոլիկ ալեհավաքներից օգտվող քաղաքացիների համար նախատեսված պատժաչափը։ Մասնավորապես, այդպիսի ալեհավաքներից օգտվողները կազատազրկվեն 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ ներկայումս իրանական իշխանությունները խստացրել են նաև ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը և ցանկանում են ստեղծել մնացյալ աշխարհից կտրված ներքին ինտերնետ։








































