Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե թույլ չի տալու, որ «արյունռուշտները, մումիաները և ճիվաղները Վրաստանի քաղաքական անցյալից ներկա վերադառնան»… Սաակաշվիլին իր գնահատականներում բավական խիստ է և կոշտ, նույնիսկ` կոպիտ: Բայց նա երևի թե ավելի լավ գիտե, թե ում մասին է խոսում և ինչքանով են այդ մարդիկ արժանի նման գնահատականների:
Մեզ համար հետաքրքրականն այստեղ երևույթն է, որ արդիական է նաև Հայաստանում: Հայաստանի քաղաքական կյանքը կարծես թե հայտնվել է փակ ցիկլի մեջ և դուրս չի գալիս անկախության առաջին երկու տասնամյակի դեմքերից ու դեպքերից: Նրանք անընդհատ վերադառնում են, տարբեր կարգավիճակներով, տարբեր ճանապարհներով, ուղղակի կամ գուցե առայժմ անուղղակի, բայց Հայաստանի քաղաքական կյանքը կառուցվում է նրանց գնալու և գալու վրա: Այլ բան այդ կյանքում չի կատարվում, այլ անցուդարձ այդ կյանքում չկա, իսկ եթե անգամ լինում է, ապա այդ անցուդարձի հեղինակները հայտնվում են համընդհանուր թիրախի դերում և մեղադրվում քաղաքական հերետիկոսության համար, եթե համարձակվում են չճանաչել «քսանամյա» որևէ հեղինակություն և առաջնորդվել նոր պատկերացումներով:
Մենք հաճախ ենք որպես փոփոխությունների օրինակ մատնանշում Վրաստանը: Անշուշտ, այնտեղ էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, փայլուն չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, բայց որ ամեն ինչ խոսուն է և խոսուն է կատարված փաստերով, դա էլ անկասկած է: Եվ այդ ամենի գլխավոր պատճառներից մեկն էլ երևի թե հենց այն է, որ այդ երկրի քաղաքական կյանքում Սաակաշվիլին ընդհատեց գնալ-գալու պրակտիկան և գնալուց հետո այլևս գալ չկա: Ընդ որում, այդպես է ամբողջ աշխարհում, եզակի բացառություններով հանդերձ՝ ձախողվածը, անարդյունավետը, սպառվածը հեռանում է և չի էլ փորձում ռեաբիլիտացվել, որովհետև հասարակությունը դաստիարակված է քաղաքական բովանդակության բոլորովին այլ արժեքներով, և իմաստ չունի խլել հասարակության ժամանակը, քանզի դրա համար քեզ չեն ների կրկնակի: Դա է պրոգրեսի գրավականներից մեկը՝ հեռացողին պետք է փոխարինի նոր եկողը, որ շարժ լինի դեպի առաջ, ոչ թե լինի պտույտ ի շրջանս յուր:
Մենք, իհարկե, պետք է որոշենք, թե ինչ գնահատականներ ենք տալիս մեր գնացող-եկողներին, բայց կարևորն այստեղ գնահատականների դիպուկությունը, խստությունը, կոռեկտությունը և նույնիսկ օբյեկտիվությունը չեն, այլ կարևորը երևույթն է, որ պետք է արգելափակել և քաղաքական գործընթացը, հետևաբար նաև` պետական ընթացքը դուրս բերել շրջանաձև տեղապտույտից: Հայաստանի քսանամյա ցիկլը երևի թե նշանակալից ու հատկանշական է հենց այդ իմաստով, որ մենք շրջանը կարծես թե քսան տարում փակեցինք, և միգուցե քսան տարին ուշ է եզրակացությունների և անհրաժեշտ եզրահանգումների ու հետևությունների համար, բայց այդ դեպքում հաստատ լավ է ուշ, քան երբեք, քանզի խոսքը պետության ու հասարակության ճակատագրի մասին է:









































