Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է նույն փիլիսոփայությամբ, ինչ Հանրային խորհուրդը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը`գնահատելով օրերս ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի արդյունավետությունը:
Սուրեն Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր արարք կամ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի վարքագիծ բացի իրավական բնորոշումներից և գնահատականներից, նաև ունի բարոյական նկարագիր: «Հասարակությունը նորմալ չի կարող գոյատևել լոկ օրենքներով, նաև համակեցության բարոյական նորմեր պետք է լինեն՝ սկսած հանրապետության նախագահից և վերջին չինովնիկից: Սակայն այս հանձնաժողովի ստեղծումը ճիշտ նույն փիլիսոփայությունն ունի, ինչ Հանրային խորհուրդը»,- մեկնաբանեց «Հանրապետություն» կուսակցության անդամը`հավելելով, որ հերթական անգամ ցույց է տրվում, որ աշխատանք է արվում, սակայն դա ձևական բնույթ է կրում:
Նրա խոսքով, բառացիորեն մի քանի օրվա ընթացքում մի քանի դեպքեր պատահեցին, երբ պետական բարձրաստիճան չինովնիկների կողմից ծեծ գրանցվեց, բայց քանի որ նրանք մերձավորի կարգավիճակ ունեին, մնացին անպատիժ: Նրա համոզմամբ, սրանք էթիկայի լուրջ խախտումներ են:
Հիշեցնենք, որ ստեղծվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի նախագահի և գլխավոր դատախազի առաջարկած թեկնածուները: Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և արդար համակարգի ներդրումը:









































