Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտների մի խումբ ծնողներ նամակով դիմել են լրատվամիջոցներին` բողոքելով, որ թեև ԿԳ նախարարի որոշմամբ չջեռուցվող դպրոցներում դասերը պետք է սկսվեն հունվարի 23-ից, սակայն թիվ 42 դպրոցում տնօրենը որոշել է դրանք սկսել հունվարի 12-ից:
Նամակում, մասնավորապես, նշված է.
«Մենք` թիվ 42 ավագ դպրոցի ծնողներս, դիմում ենք Ձեզ, հարգելի լրատվամիջոցներ: Մեր դպրոցի նոր տնօրեն Է. Թումանյանը, արհամարելով ԿԳՆ-ի ու Երևանի քաղաքապետարանի հրահանգները կապված դասերի վերսկսման հետ (այսինքն չջեռուցվող դպրոցներում դասերը պետք է սկսվեն հունվարի 23-ից) որոշել է որ մեր դպրոցում դասերը պետք է սկսվեն հունվարի 12-ից: Նա անօրինաբար որոշում է կայացրել անարգելով մեր, մեր երեխաների և ուսուցիչների կարծիքը:
Այսպիսի արհամարանք մենք դեռ չենք տեսել և ոչ մի տնօրենի օրոք: Խնդրում ենք Ձեզ պարզել այս խնդիրը և տեղեկացնել այս մասին ԿԳՆ-ին ու Երևանի քաղաքապետարանին: Շարունակելով խոսքը` կցանկանայինք ներկայացնել դպրոցի վիճակի մասին համառոտ բնութագիր:
Դպրոցը գտնվում է քանդված վիճակում, չի ջեռուցվում, պատերը քանդված են, իսկ դռներն ու պատուհանները կոտրված են և մաշված: Ինչպե՞ս է մեր տնօրենը պատկերացնում դասերի վերսկսումը այս պայմաններում ու այս ժամանակ մենք չենք պատկերացնում:
Դպրոցում ավելի ցուրտ է քան դրսում: Տաք օրերին ջերմաստիճանը հասնում է մինչև +6 աստիճանի, իսկ ցուրտ օրերին` մինչև -4 աստիճանի:
Սրանք մոտավոր թվեր են: Ջեռուցման սարքերը կամ փչացած են կամ լավ չեն աշխատում և շատ քիչ են: Դպրոցի անգամ 1/3-ը չի տաքացվում: Դասարանների պատուհանները բաց են, դռները նույնպես, քանի որ կամ ապակի չկա, կամ էլ կոտրված են: Պատերը քանդված են իսկ մանրահատակը բացակայում է կամ էլ տեղ-տեղ կարկատված է:
Դիմում ենք նաև ԿԳՆ-ին ու Երևանի քաղաքապետարանին և խնդրում ենք լուծել այս խնդիրը: Դպրոցում սովորող մոտ 400 աշակերտներից մենք վստահ ենք, որ մինչև հունվարի 23-ը չի գալու մոտ 300-ը: Մնացածներն էլ կգան ու կգնան, քանի որ անհնար է այդ պայմաններում հատկապես սպասվող ցուրտ եղանակին դասեր անցկացնել:
Մեր նոր տնօրենը երևի տեղյակ չէ մոտակա 2 շաբաթվա եղանակի տեսությունից և երևի նա միայն նայել է երկնքին ու տեսել է տաք եւ բաց եղանակ ու որոշել է դասերը վերսկսել հունվարի 12-ից: Դպրոցում նաև լայն տարածվել է այս վերջին շրջանում ջրծաղիկը ու դեղնախտը, իսկ մեր դպրոցի բուժքույրը գոյություն էլ չունի: Մենք նրան 2 տարի է` չենք տեսել:
Մենք հայտարարում ենք, որ դեմ ենք և չենք ցանկանում, որ մեր երեխաները հունվարի 12-ից հաճախեն դպրոց: Մեր երեխաները դպրոց կհաճախեն հունվարի 23-ից ինչպես մյուս բոլոր դպրոցներում է:
Նախապես շնորհակալություն»:






































