«Նովոստի» ակումբում այսօր հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների մակարդակին` դեսպանը նկատեց. թեև երկու երկրների միջև առկա են նորմալ հարաբերություններ, սակայն, ցավոք, տրանսպորտային միջանցքների բացակայությունը սահմանափակում է հարաբերությունները տնտեսական ոլորտում:
«Իսլամական համագործակության կազմակերպությունը ղեկավարում է Ղազախստանը, մեր երկիրը բազմազգ է, ուստի մենք կողմնակից ենք խնդիրների խաղաղ լուծմանը, մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի»,- հայտարարեց դեսպանը` անդրադառնալով Իրանի դեմ հնարավոր հարձակմանը:
Դեսպանն անդրադարձավ նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացին և հիշեցրեց. ԵԱՀԿ-ն նախագահելիս Ղազախստանը շեշտել է` թեև Ադրբեջանը «եղբայրական ազգ» է համարվում, սակայն իրենք չեզոք դիրք են բռնելու. «Այժմ էլ Ղազախստանն իր չեզոքությունը շարունակում է պահպանել ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:








































