2011 թ. կենսապահովման նվազագույն զամբյուղի տարեկան արժեքը կհրապարակվի այս տարվա հունվարի վերջին: Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ` հաշվարկի գործակիցները փոփոխվել են, և կենսապահովման նվազագույն զամբյուղի ցուցանիշները համադրելի են միայն 2010 թ. չորրորդ եռամսյակի հետ:
Ըստ նրա` 2010թ. չորրորդ եռամսյակում նվազագույն զամբյուղը 52 հազար 228.5 դրամ էր, 2011 թ. առաջին եռամսյակում` 62 հազար 640.4 դրամ (աճը` 19.9%), երկրորդ եռամսյակում` 62 հազար 259 դրամ, երրորդ եռամսյակում` 53 հազար 804.2 դրամ: Նվազումը, ըստ ԱՎԾ ներկայացուցչի, պայմանավորված է գյուղատնտեսական մթերքների գների նվազմամբ:
2011 թ. նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը 114 հազար 716 դրամ էր, տարեկան աճը` 6.3%:
Նկատենք, որ 2011 թ. չորրորդ եռամսյակում արձանագրված գնաճի արդյունքում կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կբարձրանա:









































