Ամերիկյան հեղինակավոր ABC News հեռուստաալիքի կայքը 2012 թ. այցելության համար խորհուրդ տրվող 7 ինքնատիպ վայրերի ցանկից հանել է Լեռնային Ղարաբաղի անունը:
Նյութը լույս էր տեսել կիրակի և անվանվել «7 ամենաինքնատիպ վայրերը, որ արժե այցելել 2012-ին»: Այստեղ Լաոսի, Չիլիի, Պորտուգալիայի, Ավստրալիայի, Թաիլանդի և Նիդեռլանդների կողքին խորհուրդ էր տրվում 2012 թ. այցելել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած ցամաքով շրջապատված այդ ինքանավար շրջանը»:
«Արշավեք ձյունածածկ լեռներով և դեղին ու կարմիր ծաղիկներով լի դաշտերով: Ճաշակեք քյաբաբ և խորոված բանջարեղեն: Եթե դուք որոշել եք մնալ տեղի բնակիչների մոտ, մի զարմացեք, եթե ձեզ նախաճաշին առաջարկեն տնական թորած օղի»,- ասվում էր հոդվածում:
Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ երեքշաբթի հոդվածը վերանվանվել է «6 ամենաինքնատիպ վայրերը, որ արժե այցելել 2012-ին» և Լեռնային Ղարաբաղի հատվածը ջնջվել է: Ընթերցողների մեկնաբանությունները, այնուամենայնիվ, պահպանվել են։
Ադրբեջանական News.аz գործակալության համաձայն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությանը՝ պահանջելով պարզել տեղի ունեցածը: Ամենայն հավանականությամբ, Արցախի հատվածը հանվել է հենց ադրբեջանական կողմի ճնշման տակ:









































