Օտարերկրյա զբոսաշրջությունից անցյալ տարի Իսպանիան ստացել է 53 մլրդ եվրո եկամուտ, ինչը 8.1%-ով ավելի է, քան 2010 թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարին՝ Խոսե Մանուել Սորիային:
«Ահա արդեն չորրորդ տարին անընդմեջ մենք գրանցում ենք Իսպանիա այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճ: Անցյալ տարի մենք ունեցել ենք 56.91 մլն օտարերկրացի հյուր»,- հայտնել է նախարարը:
Սորիան նշել է, որ երկրի զբոսաշրջային ինդուստրիայի եկամուտները կազմում են Իսպանիայի ՀՆԱ 10.2%-ը:
2011 թ. ընթացքում զբոսաշրջիկների այցելությունների թվի աճով առաջատարներ են Մեծ Բրիտանիան, Իտալիան, սկանդինավյան երկրները, Ֆրանսիան և Գերմանիան:





































